ՀՀ ազգային հերոս, ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը մեկ տարեկան էր, երբ հայրը զոհվեց: «Մայրս ամեն օր ինձ պատմել է հորս մասին, ես միշտ զգացել եմ նրա ներկայությունը: Անունս էլ է հայրս դրել: Եվ, երևի թե այդ օրվանից իմ և հորս անմիջական կապը չի խաթարվել: Շնորհակալ եմ մորս, որ թույլ չի տվել երբևէ հորս բացակայությունը զգալ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ասպրամ Կրպեյանը:
Ասպրամը հորից միայն մի նվեր ունի, այն ստացել է իր առաջին տարեդարձին: Թաթուլը նվերը Գետաշենից է ուղարկել: «Երբ պետք է դառնայի մեկ տարեկան, հայրս Գետաշենում էր: Այն ժամանակ, կենաց-մահու պայքար էր գնում, դժվար էր մեկ տարեկան երեխայի նվեր գտնել, բայց հայրս կարողացավ իր զինակից ընկերոջ` Արթուր Կարապետյանի միջոցով ինձ մի տիկնիկ ուղարկել, որը մասունքի նման պահպանում եմ: Ես հորիցս, ցավոք, միայն այդ նվերն ունեմ` Գետաշենից ուղարկված տիկնիկը»,- ասաց հերոսի աղջիկը:
Թաթուլ Կրպեյանի մարտական ընկեր, ԼՂՀ մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանն էլ հիշեց, որ ինքը մինչ Թաթուլի հետ ծանոթանալը, կարծում էր սովորելու ոչինչ չունի, զենքի վարպետ է, բայց երբ նրան տեսավ, հասկացավ` ինչքան է նրան զիջում: «Թաթուլը անքուն հսկում էր Գետաշենը ու դրան զուգահեռ հասցնում էր ուսուցչություն անել: Կուզենայի մեկ րոպե վերակենդանանար, և տեսնեի` ինչպես են այսօր մեր հերոսներից շատերը, որոնք շեղվել են ճիշտ ճանապարհից, նայելու նրա աչքերին»,- ասաց ազատամարտիկը:
Ապրիլի 21-ը Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է, վաղը կլրանար ազգային հերոսի 48-ամյակը:





