AM
20 Ապրիլ 2013 - 13:11 AMT

Այլընտրանք` կառավարության ծրագրին. «Այլընտրանք» կենտրոնը ճանապարհային քարտեզ է առաջարկում

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնը տնտեսության զարգացման ռազմավարություն է մշակել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը և ավելացրեց, որ ներկայացված են լինելու մինչև 2025թ-ը տնտեսության մեջ իրականացվող բարեփոխումների ուղղությունները։

Տնտեսագետը նշեց, որ էական ուշադրություն է դարձվելու հատկապես զբաղվածության ավելացմանն ու բարեկեցության բարձրացմանը: Նա նկատեց, որ թեև մշտապես քննադատել են Կառավարության գործունեությունը, սակայն ռազմավարության մշակման ուղղությամբ շարունակում են համատեղ աշխատել Կառավարության հետ։ «Մենք առաջարկում ենք տնտեսության զարգացման ճանապարհային քարտեզը, որը ուղղակի այլընտրանք է Կառավարության այսօրվա ծրագրին։ Եթե մի կողմ քաշվենք և տեսնենք, որ Կառավարության կազմում փոփոխություններ չեն լինում և սպասենք ևս 5 տարի ու թշնամական վերաբերենք այն քայլերին, որոնք արվում են, դա ևս իրատեսական չէ»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

Ճանապարհային քարտեզում ներկայացված են քայլեր, որոնք կխթանեն տնտեսության զարգացմանը, ինչպես նաև կկրկնապատկվեն արտահանման ծավալները: Կառավարությանն առաջարկվում է նաև ստեղծել արտաքին առևտրի կառույց։ «Օպտիմալացնելով այն օղակները, որտեղ միայն շարիկ են գլորում, կկարողանանք փոքրաթիվ թիմով ունենալ մի կառույց, որն իսկապես ոլորտում հաջողություններ կարձանագրի»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը: