AM
22 Ապրիլ 2013 - 05:41 AMT

Վառնայում ցուցադրվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» վավերագրական ֆիլմը

Բուլղարիայի Վառնա քաղաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճում ցուցադրվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» ֆիլմը, որը գերմանացի վավերագրող Էրիկ Ֆրիդլերի և պատմաբան Բարբրա Զիբերտի երկարատև աշխատանքի արդյունքն է։ Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին տեղի հոգևոր հովիվ Արժ. Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ և Վառնայի ավագանու ներկայացուցիչներ:

«Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ նախքան ֆիլմի ցուցադրումը, ներկաներին ողջունեց Վառնայում Հայոց ցեղասպանության 98-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների համակարգող հանձնախմբի ներկայացուցիչ Ներսես Կետիկյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին իրենց ներկայության համար և հակիրճ ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը, ինչպես նաև այն շեշտադրումները, որոնք դրված են նրանում: Նա նաև տեղեկացրեց, որ «Աղետ» ֆիլմի ցուցադրմամբ Վառնայում մեկնարկում են Հայոց ցեղասպանության 98-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը:

Ֆիլմի ավարտից հետո, Ներսես Կետիկյանը ներկայացրեց ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների ծրագիրը, ըստ որի, այդ օրը Վառնայի Ս. Սարգիս հայկական եկեղեցում տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի կողմից կմատուցվի Ս. Պատարագ: Երեկոյան ժամը 17:00-ին եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի առջև կկատարվի Հոգեհանգստյան կարգ, որից հետո Վառնայի հայ երիտասարդները կներկայացնեն իրենց պատրաստած գեղարվեստական ծրագիրը: Այնուհետև տեղի կունենա սգո երթ դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթողը, որը գտվում է Վառնայի քաղաքապետարանի հարևանությամբ: Հուշակոթողի մոտ նախատեսվում են ելույթներ և ծաղիկների զետեղում: