AM
22 Ապրիլ 2013 - 06:14 AMT

Վթար՝ Երևան-Վայք ճանապարհին. 3 մարդ է մահացել

Ապրիլի 21-ին, ժամը 16.58-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Վայք ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 30UU723 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1956թ. ծնված Սվետլանա Ալեքսանյանը և 1971թ.ծնված Գագիկ Առուստամյանը տեղում մահացել են:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ 1955թ. ծնված Ժորա Առուստամյանը և 2010թ. ծնված ուղևոր Բարմեն Առուստամյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, 1976թ. ծնված Նարինե Ազարյանը՝ Արարատ քաղաքի բժշկական կենտրոն, իսկ 2002թ. ծնված Էլեոնորա Առուստամյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ս.Ալեքսանյանի և Գ.Առուստամյանի դիերը: