Գյումրու «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակիցները հերթական տեսանյութն է ներկայացրել, որը կույր միայնակ Վարդ Սաֆարյանի մասին է: Նրա տնակը քանդվելուց հետո, կնոջը ժամանակավորապես հատկացրել են Գյումրու Բուլվարային թաղամասում երկրաշարժից կանգուն մնացած բազմահարկերից մեկի 9-րդ հարկի կիսաքանդ բնակարանը: Առանց վերելակի բազմահարկում բնակություն հաստատած կնոջը 6-րդ ամիսն է` տարբեր պատճառաբաններով զրկել են սոցիալական նպաստից:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները նախորդ ամիս այցելել էին նրան, տեսանյութ էին պատրաստել, ինչպես նաև վճարել էին ջեռուցման մեկ ամսվա վարձավճարը: Սակայն անգամ հնչեցրած ահազանգը չէր օգնել, որ պատկան մարմինները վերականգնեին նրա սոցիալական նպաստը: Նպաստի վերականգնման միակ ճանապարը մնում էր դատարանը, որի ծախսերն իր վրա է վերցրել «Շիրակ կենտրոնը»:





