«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատրաստ է ապրիլի 9-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հարցով մասնակցել քննչական բոլոր գործողություններին: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում, երբ եկել էր Հատուկ քննչական ծառայություն` ցուցմունք տալու:
«Ոստիկանության գործողությունները, կարծում եմ, ինչ-որ միտում են ունեցել: Շատ հանգիստ իրավիճակում էի, եկան և բռնություն գործադրեցին, այդ թվում իմ հարազատների նկատմամբ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա շեշտեց, որ ոստիկանների գործողությունները համաչափ չէին:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին «Ժառանգության» երթի ժամանակ Բաղրամյան պողոտայում ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Արմեն Մարտիրոսյանը վնասվածք էր ստացել, նրան բերման էին ենթարկել, ապա տեղափոխվել էր հիվանդանոց: Այսօր նա հրավիրվել է ՀՔԾ` ծեծկռտուքի հետ կապված ցուցմունք տալու:





