AM
22 Ապրիլ 2013 - 09:42 AMT

Ակցիա՝ Դատախազության շենքի մոտ. Ր.Հովհաննիսյանը պահանջում է, որ հրահանգ տվողները պատասխան տան

«Ոչ քիթ ջարդող մլիցուն», «Ոչ, արնախում ոստիկաններին», «Ոչ մլիցա, այո ոստիկան», «Ոչ Սերժի ախրաննիկ երազող ոստիկանին», «Վերջ ֆաշիստական ոստիկանությանը», «Չեբուռաշկան ոստիկան չէ». նման գրություններով պաստառներով Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա է` ի պաշտպանություն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի։ Ակցիան մասնակցում է նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հայտարարեց. «Մեր պահանջն այն է, որ պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանք, ովքեր խախտել են ՀՀ Սահմանադրությունը և օրենքը՝ սկսած փետրվարի 18-ից մինչև ապրիլի 9-ը»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ պահանջում է պատասխանատվության ենթարկել ապօրինի հրահանգ տվողներին և այն ոստիկաններին, ովքեր բռնություն են կատարել համաքաղաքացիների և Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ: «Անվանական պատասխանատվություն ենք պահանջում»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ ու ավելացրեց,- «Հրապարակում կար նաև մարդ, ով, ինձ թվում է, որ զինված էր, ձեռքին ինչ-որ մի բան կար, որ փորձեց վրաս հարձակում կատարել: Մինչև հիմա այդ հարցի պատասխանը չկա: Եթե ժամանակավոր և օրապահ իշխանությունը ցանկանում է մի քանի ամիս ևս իշխանավոր լինել, գոնե պետք է կարողանա պատասխան տալ այս հարցերին»:

Ավելացնենք, որ ակցիայի մասնակիցներն ու «Ժառանգության» անդամները մերժեցին գլխավոր դատախազի հետ հանդիպման հրավերը և ասացին, որ մինչև Արմեն Մարտիրոսյանը չիջնի ու չպարզեն հանդիպման մանրամասները, նրանք զրուցելու ոչինչ չունեն դատախազի հետ: