AM
22 Ապրիլ 2013 - 10:38 AMT

Թուրքագետ. Թուրքիան փորձում է իմիտացիա ստեղծել, թե ներգրավված է ԼՂ բանակցային գործընթացքում

Թուրքիայի հրապարակված տարածաշրջանի նոր քարտեզում Հայաստանը ներառված չէ, ներառված են Հունաստանի որոշ շրջաններ, Աջարիան, Սիրիայի հյուսիսային շրջանները, ինչը Թուրքիայի «նեոօսմանիզմի» քաղաքականության պարտությունն է, քանի որ Օսմանյան կայսրության կազմի մեջ ավելի մեծ տարածքներ էին մտնում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման դիտարկում արեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը` անդրադառնալով Թուրքիայում հրապարակված տարածաշրջանի նոր քարտեզին և Թուրքիայի շուրջ ստեղծված իրավիճակին:

Թուրքագետը նկատեց, որ նոր քարտեզի մեջ Թուրքիան տարածքային նկրտումներ ունի Սիրիայի, Վրաստանի նկատմամբ՝ Աջարիայի մասով, իսկ Հայաստանի նկատմամբ այդպիսի նկրտումներ չկան. «Թուրքիայի` նոր քարտեզի հրապարակումը Հայաստանի համար որևէ վտանգ չի ներկայացնում, Հայաստանի հետ կապված սահմանային փոփոխություններ գոյությունի չունեն»:

Ըստ Անդրանիկ Իսպիրյանի Թուրքիան չի կարող դրական դերակատարում ունենալ ղարաբաղյան հարցերում, չնայած որ Թուրքիան բազմաթիվ անգամ ցանկացել է խցկվել ղարաբաղյան բանակցային գործընթաց, դրա համար փորձելով օգտագործել ամերիկա-թուրքական և ռուս-թուրքական հարաբերությունները:

Նա ընդգծեց, որ Թուրքիան տարբեր հայտարարությունների տեսքով փորձում է իմիտացիա ստեղծել, թե ներգրավված է ղարաբաղյան բանակցային գործընթացքում և այդ ձևով մեսիջ է ուղարկում Ադրբեջանին՝ ցույց տալու համար «մեծ եղբոր» իր կարգավիճակը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների ապագային, ապա, ըստ Անդրանիկ Իսպիրյանի, մոտակա ժամանակներում հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց պետք չէ սպասել, քանի որ Անկարան ունի ավելի կարևոր հարցեր՝ կապված սիրիական, քրդական խնդիրների հետ: