AM
23 Ապրիլ 2013 - 10:09 AMT

Հ.Ալվրցյան. Ցեղասպանության հարցի լուծումը գտնվում է Թուրքիայում

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում անելիքները Հայաստանում լավ չեն հասկանում՝ թե պետականորեն, թե նեղ մասնագետների մակարդակով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ Ցեղասպանության հարցը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը: «Աշխարհը մեզ լավ չի հասկանում՝ ի՞նչ եք ուզում: Մի կողմից ցեղասպանության ճանաչման մասին եք խոսում, մյուս կողմից թուրքերի հետ համաձայնվում եք հարցը տեղափոխել մասնագետների քննարկման մակարդակ: Սա նշանակում է, որ հայոց պետականության կողմից հարցը չի ընկալվել»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը:

Նրա խոսքով` հայ-թուրքական արձանագրություններից հետո փաստացի կասեցվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, Հայաստանի իշխանությունները, ստորագրելով արձանագրությունները, համաձայնություն տվեցին, որ պատրաստ են ենթահանձնախմբի մակարդակով քննարկել ցեղասպանության հարցը: «Ո՞ւմ ենք մեղադրում, երբ մենք այդպիսի արձանագրություններ ենք ստորագրել: Ցեղասպանության դատապարտում նախ նշանակում է հարցի ճանաչում: Սփյուռքում քանի տարի է հանձնախմբեր են աշխատում, պատրաստում են փաստաթղթեր, միջազգային իրավունքի տեսակետից ամրապնդում հարցի քաղաքական և իրավական հիմքը, սակայն Հայաստանում պետականորեն ես այդպիսի բան չեմ տեսնում»,- ասաց նա: Քաղաքագետի բնորոշմամբ` հարցի լուծումը գտնվում է Թուրքիայում, իսկ թուրք ժողովուրդը շատ լավ տեղյակ է ցեղասպանության մասին: Ըստ Հայկազուն Ալվրցյանի` կարևոր է թուրք մտավորականության հետ համատեղ աշխատանքը, ինչպես նաև հենց Թուրքիայում ապրող մոտ 2 մլն ծպտյալ հայության հետ կապերի հաստատումն ու նրանց խնդիրների բարձրաձայնումը: