AM
24 Ապրիլ 2013 - 06:25 AMT

Հունիսին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունենալու անվտանգության հարցերին նվիրված նիստ

ՀՀ ԱԻ նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանն ընդունել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսին:

Հանդիպման ընթացքում Ս. Ռոպերսը հայտնել է, որ այս տարվա հունիսին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունենալու անվտանգության հարցերին նվիրված նիստ: Նա առաջարկել է` համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԻՆ երեք ներկայացուցիչներին այցելել Ֆրանսիա, իսկ ֆրանսիացի փորձագետներին գործուղել Հայաստան` փորձն ուսումնասիրելու համար:

Քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովման աշխատանքներին ԱԻ նախարարության ներգրավվածությունը։ Սրա վերաբերյալ Հ. Հակոբյանն ասել է, որ 2012 թ. ԱԻ նախարարությունում հիմնվել է «911» արագ արձագանքման ծառայությունը, որը մեկ տարվա կտրվածքով ավելի քան մեկ միլիոն ահազանգ է ստացել քաղաքացիներից: Նա նշել է նաև, որ դա ժողովրդի վստահության և արձագանքման բարձր որակի արդյունքն է:

Հանդիպման ավարտին Ս. Ռոպերսը ասել է, որ իրեն շատ է գոհացնում համագործակցության ներկայիս մակարդակը, և որ նման հանդիպումներն այն ավելի արդյունավետ են դարձնում: