Ապրիլի 24-ին Վաշինգտոնի և շրջակա նահանգների հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հայ համայնքային կազմակերպությունները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի մոտ, որից հետո Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր առաջնորդների կողմից մատուցվեց պատարագ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Նույն օրը՝ երեկոյան, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հրավերով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ ԱՄՆ Սենատում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում, որին ներկա էին տասնյակ կոնգրեսականներ, դիվանագետներ, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, հայ եկեղեցու հոգևոր առաջնորդներ և հայ համայնքի մոտ 300 ներկայացուցիչներ, լրագրողներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեզը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը: Ելույթներով հանդես եկան Ներկայացուցիչների պալատի հայանպաստ խմբի համանախագահներ, ինչպես նաև Կոնգրեսի երկու տասնյակից ավելի այլ անդամներ: Բոլոր ելույթ ունեցողները դատապարտեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ Թուրքիայում հայերի նկատմամաբ իրականացված ոճրագործությունը, թուրքական կառավարության կողմից որդերգրված ժխտողականության քաղաքականությունը, կոչ արեցին Միացյալ Նահանգների կոնգրեսին և վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր ելույթում, մասնավորապես, դատապարտեց թուրքական ժխտողականությունը, նշեց, որ այն ապագա չունի և կարևորեց համատեղ պայքարը դրա հաղթահարման ուղղությամբ:
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիներում մատուցվեց պատարագ՝ նվիրված անմեղ զոհերի հիշատակին, որին ներկա էին դեսպան Մարգարյանը, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ անդամներ:





