AM
25 Ապրիլ 2013 - 07:57 AMT

Ապրիլի 24-ին Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան պաշտոն

Ապրիլի 24-ին Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.500.000 անմեղ նահատակների:

Արարողությանը մասնակցեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, հայ համայնքի անդամներ և հյուրեր: Արարողության ավարտին եկեղեցու բակի խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում:

Օրվա երկրորդ կեսին Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո:

Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ Հոգշ. Տ. Մեսրոպ վարդապետ Սարգիսյանը, որից հետո Աբու Դաբիի Ազգային վարչության երիտասարդական հանձնախումբը հանդես եկավ գեղարվեստական հայտագրով:

ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ներկայացնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ՀՀ իշխանությունների և ողջ հայության համատեղ ջանքերը, կարևորեց պատմական արդարության հաստատմանն ուղղված շարունակական պայքարի նշանակությունը:

Երեկոյի վերջում դեսպանության բակում տեղի ունեցավ մոմավառություն, որին հետևեց Մեծ եղեռնի զոհերի հոգեհանգստի կարգ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: