AM
25 Ապրիլ 2013 - 10:24 AMT

Բարսելոնայի հայ համայնք. Թուրքիայի հատուցման խնդիրն իրավական դաշտ պիտի բերվի

Երեկ Բարսելոնայի հայկական համայնքը ևս ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը` ՀՀ դեսպանության, Կատալոնիայի ՀՀ պատվո հյուպատոսության, Հայ առաքելական եկեղեցու և Բարսելոնայի հայկական մշակութային միության նախաձեռնությամբ:

Երեկոն սկսվել է ավելի քան 1.5 մլն նահատակների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով, ապա Տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը հայերեն և իսպաներեն լեզուներով ընթերցել է Ամենայն Հայոց Գարեգին Բ. ու Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսների ստորագրություններով հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պետք է վերադարձնի բռնագրավված հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալվածքները:

Ապա Իսպանիայում ՀՀ հավատարմատար Խորեն Տերերյանը Ցեղասպանության մասին պատմական որոշ տեղեկություններ է ներկայացրել, խոսել երիտթուրքերի քաղաքականության ու Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին: Ելույթ են ունեցել նաև Կատալոնիայի ներգաղթի և ընտանիքների բարեկեցության միջգերատեսչական հարաբերությունների վարչության քարտուղար Մարիա Ռոսա Ֆոռտուն` ընթերցելով Դ.Վարուժանի բանաստեղծություններից, Կատալոնիայում ՀՀ պատվո հյուպատոս Խուան Սանմարթին Խիլը, Կատալոնիայի Աստվածաբանության բաժանմունքի տնօրեն Արմանտ Բուջը:

Օրվա պատգամը փոխանցել է Բարսելոնայի հայկական մշակութային միության անդամ Տաթև Սուլյյանը: Նրա խոսքը պահանջատիրության և հատուցման մասին է եղել: «Հիշել և հիշեցները բավարար չէ: Այդ կերպ մեր հողերը չեն վերադարձնի, անհրաժեշտ է իրավական դաշտ բերել խնդիրը: Հայաստանցիներից ու սփյուռքի հայերից շատերը Թուրքիայում սեփականության իրավունքներ ունեն, հաշիվներ», – ասել է նա ու կարևորել նաև հայախոսության անհրաժեշտությունը` սպիտակ ջարդի չենթարկվելու համար: