AM
25 Ապրիլ 2013 - 11:05 AMT

Սերգո Երիցյան. Հրանուշ Հակոբյանի հետ մեր հարաբերությունները լարված չեն

Ապրիլի 22-ին Սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայերենն իմ սրտում է» համաժողովին Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը չի մասնակցել: Այսօր ասուլիսի ժամանակ նա ասել է, որ իր բացակայությունը պայմանավորված էր միայն առողջական խնդիրներով: Իսկ տարածված լուրերը, թե իր և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հարաբերությունները լարված են, իրականությանը չեն համապատասխանում:

«20 տարի ընկերություն եմ անում Հրանուշ Հակոբյանի հետ: Ես նախարար էի, ինքը ԱԺ պատգամավոր և համապատասխան հանձնաժողովն էր ղեկավարում»,- ասել է Ս. Երիցյանն ու ավելացրել, որ համաժողովին մասնակցելու հրավերը ստացել էր անձամբ Հրանուշ Հակոբյանից, նույնիսկ ելույթ էր նախապատրաստել, բայց «նույնիսկ հիմա գրիպ է»:

Նա անդրադարձել է նաև հայազգի բարերար Միքայել Արամյանցի 170–ամյակի միջոցառումներին. «Կազմակերպել ենք նրան նվիրված միջոցառումների շարք, որը կմեկնարկի մայիսի 1-ին՝ Արցախի Քյաթուկ գյուղում, որտեղ ծնվել է Արամյանցը, հետո միջոցառումներ կլինեն Շուշիում, և հանդիպումներ ԼՂ պաշտոնատար անձանց հետ»:

Սերգո Երիցյանը նշել է, որ Թբիլիսիում հենց Արամյանցի տանն է հռչակվել Հայաստանի առաջին հանրապետությունը։ Նա Թբիլիսիի Հայ բարեգործական ընկերության անդամ էր և ընկերության շրջանակներում բազմաթիվ էին նրա կատարած նվիրատվություններն ու դրամական օժանդակությունները։