Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ տեղի ունեցավ 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և ծաղկեպսակի զետեղման արարողություն, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Միջացառումը համախմբել էր Ստրասբուրգում գործող կաթոլիկ, ուղղափառ, անգլիկան, հրեական եկեղեցիների առաջնորդներին, Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների, ալզասյան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներին, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին նաև ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները:
Ելույթով միջոցառման մասնակիցներին դիմեցին «Էլզաս-Հայաստան բարեկամություն» բարեգործական ընկերության նախագահ Պիեր Զուլումյանը, Ստրասբուրգի քաղաքապետի ներկայացուցիչ Անրի Դրեյֆուզը և Ֆրանսիայում հրեական կառույցների ներկայացուցչական խորհրդի ներկայացուցիչ Պիեր Լևին:
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր խոսքում անդրադարձավ Հայոց պատմության այս դառը էջին, որն անխոս անդառնալի հետք է թողել յուրաքանչյուր հայ ընտանիքի վրա` միաժամանակ կոչ անելով առավել համախմբածության չարիքներին դիմակայելու համար:
Հանրապետության հրապարակից երթն այնուհետև շարժվեց դեպի Ստրասբուրգի սբ. Մադլեն եկեղեցի, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ հայր Վաչե Հայրապետյանի կողմից մատուցվեց հոգևոր պատարագ:





