Ամեն տարի` ապրիլի 24-ին, Լեհաստանում բնակվող հայերն իրենց լեհ մտերիմների հետ հավաքվում են` հիշատակելու Հայոց Ցեղասպանության հերթական տարելիցը` աղոթքների, երթերի և տարբեր միջոցառումների ձևով:
Արդեն երրորդ տարին է, ինչ Վարշավայում ապրիլի 24-ին, Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի ձեռամբ, տեղի է ունենում Հոգեհանգստյան աղոթք Հայոց Ցեղասպանության զոհ դարձած հայորդիների հոգիների խաղաղության համար: Լեհաստանի Լոձ, Զգիեժ, Պլոցկ, Գդանսկ, Գդինիա, Էլբլոնգ, Զաբժե, Մինսկ-Մազովիեցկի, Կիելցե, Յանովո, Կրակով քաղաքներից ժամանած բազմաթիվ հայորդիներ ու լեհեր Վարշավայի հայերի և լեհերի հետ մասնակցեցին Վարշավայի Հրեշտակաց Աստվածամոր կաթոլիկ եկեղեցու բակում կատարված Հոգեհանգստյան աղոթքին: Ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց Ցեղասպանության ժամանակ նահատակված հայորդիների հիշատակը:
Այնուհետև հավաքված բազմությունը` հայկական դրոշներով և Հայոց Ցեղասպանությունն իրականացրած թուրքական կառավարությանը դատապարտող ցուցապաստառներով, շարժվեց Լեհաստանում Թուրքիայի դեսպանատուն, որի առջև Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի, լեհաստանաբնակ հայորդիներ Գեննադի Մատիրոսյանի, Հրաչյա Բոյաջյանի և Ռաֆայել Ամիրյանի կողմից հնչեցին հայերեն և լեհերեն ելույթներ` պահանջատիրական և դատապարտող խոսքեր ուղղելով թուրքական կառավարությանը` Հայոց Ցեղասպանության հանդեպ առ այսօր նրա դրսևորած ժխտողական քաղաքականության և կեցվածքի համար, հավարտ որի լեհաստանաբնակ հայերն իրենց գրավոր բողոքը թողեցին դեսպանության փոստարկղում, ասվում է Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հոգևոր Հովվության եկեղեցական խորհուրդի հաղորդագրության մեջ:





