ԼՂՀ Ազգային ժողովում հերթական նստաշրջանի առաջին նիստը սկսելուց առաջ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաներին տեղեկացրել է ուշագրավ քաղաքական իրադարձության՝ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի շրջանային խորհրդի օրերս ընդունած որոշման մասին, որում քաջալերանք և աջակցություն է հայտնվում ԼՂՀ շարունակական ջանքերին, ուղղված իր՝ որպես ազատ ու ժողովրդավարական պետության, զարգացմանը: Նաև կոչ է արվում Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր մարմնին, ԱՄՆ Սենատին ու Նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին և ժողովրդավարական անկախությանն ու միջազգային հանրությանը նրա կառուցողական ներգրավմանը, միևնույն ժամանակ խնդրվում է ԱՄՆ Կոնգրեսին և Նախագահին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:Այդ առիթով անդրադառնալով ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, ԱԺ նախագահը նշել է, որ մինչ այդ՝ ապրիլի 10-ին, ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունել է բանաձև, ճանաչել ԼՂՀ անկախությունը, միաժամանակ դիմել երկրի նախագահին ու Կոնգրեսին՝ կոչ անելով աջակցել ԼՂՀ ինքնորոշման և անկախության իրավունքին, կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ ռազմավարական առումով կարևոր այս տարածաշրջանում անվտանգության խնդիրների արդար և տևական լուծման հասնելու համար։
Խորհրդարանի նախագահը ԼՂՀ ժողովրդի և իշխանությունների, այդ թվում՝ Ազգային ժողովի անունից երախտագիտություն է հայտնել Ֆրեզնո քաղաքի շրջանային խորհրդին և Մեն նահանգի խորհրդարանին, հատկապես այն պատգամավորներին, ովքեր մտահղացել ու ստորագրել են այդ քաղաքական փաստաթղթերը՝ ուղենիշ ունենալով ժողովուրդների ազատության և ազգային ինքնորոշման, ժողովրդավարական չափորոշիչների վրա հիմնված անկախ, ինքնիշխան պետականության կերտման իրավունքները հարգելու, գնահատելու համընդունելի արժեքները։
ԱԺ նախագահը հիշեցրել է, որ, փաստորեն, ամերիկյան երեք նահանգ՝ Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Մենը և մեկ քաղաք՝ Ֆրեզնոն, արդեն ճանաչել են ԼՂՀ-ն և հույս է հայտնել, որ դա ընդօրինակելի նախադեպ կհանդիսանա նաև ամերիկյան մյուս նահանգների օրենսդիր մարմինների, ինչու ոչ, նաև Միացյալ Նահանգների դաշնային ղեկավարության համար։
Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանը հիշեցրել է նաև, որ անցյալ տարվա հոկտեմբերին համարժեք որոշում է ընդունել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Վերին պալատը, իսկ Լիտվայի Սեյմասում այս տարվա փետրվարի վերջերին ստեղծվել է Արցախի Հանրապետության հետ Բարեկամության պատգամավորական խումբ, անցած ամիս էլ՝ մարտին, Փարիզում Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ հայտարարել են ԼՂՀ հետ Բարեկամության շրջանակ ստեղծելու մասին:
ԱԺ նախագահը ընդգծել է, որ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը, որի ուղղությամբ համակարգված ու նպատակասլաց աշխատանք են կատարում Արցախի և Հայաստանի իշխանությունները, Սփյուռքի լոբբիստական կառույցները, փաստորեն, սկիզբ է առել և, վստահաբար կարող ենք ասել, բավական հաջող ու հուսալի է այդ մեկնարկը»:





