«Երկրաշարժերի կանխատեսման հնարավորության, սեյսմիկության և կլիմայի փոփոխության կորելյացիայի համալիր հետազոտում» համաեվրոպական ծրագրի շրջանակներում 5-օրյա աշխատանքային այցով Երևանում էր գտնվում ծրագրի համակարգող, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի միջազգային նախագծերի դեպարտամենտի վարիչ, դոկտոր Բոյկո Վաչևը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ծրագրում ընդգրկված են 9 երկրի 17 գիտահետազոտական ինստիտուտ և համալսարան, իսկ Հայաստանը ծրագրում ներկայացնում է միայն ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:
Երեք տարի տևողությամբ (2011-2013 թթ.) ծրագրի հիմնական նպատակն է՝ տարբեր երկրների փորձառու և երիտասարդ մասնագետների միջև գիտակիրառական կապերի հաստատումը, փորձի փոխանակումը, երիտասարդ երկրաֆիզիկոս-սեյսմաբանների ուսուցումը, ուսումնասիրությունների արդյունքների համադրումը և միավորումը: Ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության գործակալություն են գործուղվել Բուլղարիայի, Մակեդոնիայի ու Հունաստանի փորձառու և երիտասարդ մասնագետներ, իսկ Հայաստանից մասնագետներ են գործուղվել Բուլղարիա և Մակեդոնիա:
Աշխատանքային այցի ընթացքում բուլղարացի գիտնականը ծանոթացել է ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունում կատարված աշխատանքներին, ներկայացրել մյուս մասնակիցների ձեռքբերումներն ու անելիքները և պարզաբանել վերջնական հաշվետվությանը ներկայացվող պահանջները:
Գոհունակություն հայտնելով հայ երկրաֆիզիկոս-սեյսմաբանների մասնակցության արդյունքներից` Բ. Վաչևն առաջարկել է ՍՊԾ-ին մասնակցել համաեվրոպական հաջորդ՝ ավելի մեծ ծրագրի մշակման և ներկայացման գործընթացին: Ծավալված քննարկման ժամանակ ՍՊԾ գործակալությունն առաջարկել է նոր ծրագրում ընդգրկել նաև Գառնու երկրաֆիզիկական դիտարանի համար սարքավորումների ձեռքբերումը, ինչը պատրաստակամությամբ ընդունվել է Բ.Վաչևի կողմից:
Բուլղարացի հյուրը եղել է ՍՊ Արևմտյան ծառայությունում և «ՍՊԾ» գործակալությունում, այցելել ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն և իրական ժամանակում երկրաշարժերի ուժգնության արտապատկերման հայ-ճապոնական «Դավիթաշեն» դիտակայան:
Ապրիլի 24-ին Բ.Վաչևը ՀՀ ԱԻՆ աշխատակիցների հետ միասին այցելել էր նաև Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին: Այցելության ավարտին դոկտոր Վաչևը նշել է, որ Բուլղարիա է վերադառնում մեծ տպավորություններով:





