AM
26 Ապրիլ 2013 - 12:31 AMT

Արմեն Ալավերդյան. Հաշմանդամություն ունեցողներն այսուհետ ավելի ակտիվ են պայքարելու իրենց իրավունքների համար

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները իրենց ծրագրերում անդրադարձել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, բայց գրելը քիչ է, գործել է պետք: «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն է այսօր ասուլիսի ժամանակ նկատել, իսկ նախկինում հաշմանդամություն ունեցող Հասմիկ Մուրադյանը քաղաքապետարանի աշխատակիցներին առաջարկել է գոնե մեկ օր սայլակով շրջել, որ հասկական` հաշմանդամություն ունեցողների համար ինչ խնդիրներ կան Երևանում:

«Ես ուզում ուշադրություն հրավիրել գետնանցումների վրա, որտեղ աստիճանների կողքին չկան բազրիքներ: Իսկ եթե օգնող չլինի չես կարողանա աստիճաններով իջնել»,- ասել է նա ու նշել նաև դեղատների մասին, որոնց աստիճանները փայլեցված գրանիտից են, իսկ դրանց վրա հաշմանդամություն ունեցողները սայթաքում են:

Արմեն Ալավերդյանն ավելացրել է, որ հասարակական նշանակություն ունեցող մշակութային օջախների մեծամասնությունը ևս հաշմանդամներին հարմարեցված չէ: Իսկ խնդիրների լուծելու համար պետք է պայքարի և պահանջատեր լինելու ուղին ընտրել. «Մենք չպետք է սպասենք, որ բարի քեռիները մի բան անեն մեր խնդիրների լուծման համար: Այսուհետ ավելի ակտիվ ենք պայքարելու մեր իրավունքների համար»:

Անդրադառնալով ընտրություններին և ընտրարշավին, Արմեն Ալավերդյանը նշել է, որ հերթական անգամ ոտնահարվում է լսողության խնդիր ունեցող մարդկանց իրազեկվելու իրավունքները:

«Խուլ մարդկանց համար վազող տողն անիմաստ է, հատկապես, որ չի էլ համապատասխանում էկրանին ընթացող պատկերին: Որևէ քարոզչական նյութ զուգորդված չէ սուրդո թարգմանությամբ, բացի «Կենտրոն» հեռուստատեսության լուրերից: Հորդորում եմ բոլորին, գոնե 1 հաղորդում զուգորդել նման թարգմանությամբ»,- ասել է Ա. Ալավերդյանը:

Արմեն Ալավերդյանը տեղեկացրել է նաև, որ «Ունիսոնը» նախագահական ընտրություններին մոնիթորինգ է անցկացրել Երևանում և պարզել, որ ընտրատեղամասերից միայն 31-ն են հարմարեցված տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց, իսկ 44-ը գրեթե հարմարեցված են: