Ապրիլի 24-ին և 25-ին Արարատյան դաշտում, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի նախալեռներում օդի ջերմասիճանն նվազել է մինչև 0, իսկ գետնի մակերևույթին` մինչև 1-2 աստիճան ցուրտ: Այս մասին արդեն այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության մոնիթորինգի պետական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Սա կանխատեսելով հորդորել էինք, որ ցրտահարությունից խուսափելու համար գիշերը ժամը 3-4-ից հետո ոռոգել բանջարաբոստանային կուլտուրաները և ծխահարել պտղատու այգիները: Այն հատվածներում, որտեղ ազգաբնակչության կողմից կատարվել էր պաշտպանական ախատանքներ, գրանցվել է դրական արդյունք», – ասել է նա:
Ցրտահարությունը չի ընդգրկել Արարատյան դաշտի ամբողջ տարածքը, քանի որ ՀՀ ներթափանցած սառը օդի զանգվածները հիմնականում տարածվել էին ցածրադիր գոգավոր հատվածներում: Բացի այդ Արարատի մարզում աշխատանքներ են տարվել հատկապես մարզպետարանի և գյուղապետերի աջակցությամբ: Անմիջական միջոցառումներ են ձեռնարկվել, որի հետևանքով այս վայրում առանձնապես վնասներ չեն գրանցվել:





