AM
26 Ապրիլ 2013 - 13:30 AMT

Աջարահայերը մոմավառություն են կազմակերպել խաչքարի մոտ ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի

Ապրիլի 23-ին և 24-ին Բաթումում անցկացվեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Ապրիլի 23-ին Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցում աջարահայ համայնքի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան պաշտոն, որին հետևեց բաթումահայ երիտասարդության կողմից կազմակերպված մոմավառությունը եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ:

Հաջորդ օրը եկեղեցում տրվեց հոգեհանգստյան պատարագ: Այնուհետև բոլոր ներկաները հավաքվեցին եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, ուր կայացավ զոհերի ոգեկոչման արարողություն: Իր քարոզում աջարահայ համայնքի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանն ընդգծեց,որ յուրաքանչյուր հայ պարտավոր է միշտ վառ պահել Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը և այդ պատգամը փոխանցել գալիք սերունդներին:

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն իր ելույթում, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու ժխտողականության հարցերին:

Ելույթ ունեցավ նաև Բաթումի ավագանու նորընտիր նախագահ Իրակլի Չավլեիշվիլին, որն իր խոսքում դատապարտեց շուրջ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը, եղբայրական վրաց ժողովրդի կարեկցանքի խոսքերը բերեց հայ ժողովրդին:

Ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին հայկական խաչքարի մոտ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ նահատակների: