AM
26 Ապրիլ 2013 - 13:53 AMT

Հակասում են օրենքը և Կառավարության որոշումը. Քննարկում ՄԻՊ գրասենյակում

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում Կրթական հաստատությունների ինքնավարության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են տարբեր ԲՈՒՀ-երի ռեկտորներ, փաստաբաններ իրավաբաններ, Ազգային ժողովի իրավաբանական վարչության մասնագետներ, ինչպես նաև ոլորտի տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ասպիրատներ:«Կրթական հաստատությունների ինքնավարության հետ կապված խնդիրները բազմակողմանի և խորը ուսումնասիրվել են Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականի հիման վրա: Քննարկումը նպատակ ունի ՀՀ օրենսդրության մեջ տեղ գտած բացերի շտկման և անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկել», -ասել է Պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը:

Խնդրին այն է, որ 2012թ-ին Կառավարությունը ընդունել է մի որոշում, համաձայն որի` ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Մինչդեռ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը սահմանում է` «Բարձրագույն ուսումնական հաստատությունը` ինքնուրույն է ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի և պարբերականության ընտրության հարցերում»:

ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը կարևորել է ԲՈՒՀ-երի ինքնավարության և այս ոլորտում հավասարության սկզբունքի պահպանումը, ինչպես նաև ողջունել խնդրի վերաբերյալ Պաշտպանի նախաձեռնությունը և բարձր գնահատել աշխատակազմի իրականացրած վերլուծության արդյունքները, որոնք ներկայացվել են քննարկման ընթացքում:

Քննարկմանը ներկա Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կարևորել է նման միջոցառման անցկացումը և հայտնել իր պատրաստակամությունը այս խնդրի ուսումնասիրության և հնարավոր քայլերի ձեռնարկման հարցում:

Իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը անդրադառնալով կառավարության որոշմանը` նշել է նաև, որ ԲՈՒՀ-երում ընդունելության միասնական քննական համակարգի ներդրումը կարևոր ձեռքբերումներից է, որը բխում է նաև միջազգային փորձից, սակայն միևնույն ժամանակ այդ համակարգի Կառավարության որոշմամբ սահմանված կրագավորումները չեն կարող հակասել կամ անհամապատասխանության մեջ գտնվել առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերի հետ:

Հանդիպման ավարտին Պաշտպանի աշպատակազմի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ մոտ ժամանակներս կքննարկվի Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հարցը: