AM
27 Ապրիլ 2013 - 09:35 AMT

Սերժ Սարգսյանն Իրինա Գայուկին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 27-ին ընդունել է պատմաբան-հայագետ, «Հայոց մշակույթն Ուկրաինայում» հանրագիտարանի և յոթանասունից ավելի գիտական հոդվածների հեղինակ Իրինա Գայուկին: Նախագահը բարձր է գնահատել հայ ժողովրդին և հայոց պատմությանը նվիրված նրա գիտական գործունեությունը և շնորհակալություն հայտնել այն կարևոր աշխատանքի համար, որ որպես հայագետ, տարիներ ի վեր իրականացնում է Ուկրաինայում:

Սարգսյանն ընդգծել է հատկապես «Հայոց մշակույթն Ուկրաինայում» հանրագիտարանում նշված փաստերի միջոցով հայ-ուկրաինական հարաբերությունները, երկու ժողովուրդների բարեկամությունը, Ուկրաինայում հայկական մշակութային ժառանգությունը համակողմանիորեն ներկայացնելու ուղղությամբ մասնագիտական բարձր որակով ու նվիրումով արված աշխատանքը:

Նա հայ-ուկրաինական մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Իրինա Գայուկին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով:

Գայուկը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու համար և ընդգծել, որ հաճույքով է իրականացնում իր աշխատանքը և մեծագույն հարգանք է տածում հայ ժողովրդի ու նրա դարավոր պատմության և մշակույթի նկատմամբ: