AM
27 Ապրիլ 2013 - 10:36 AMT

Աշտարակի և շրջակա գյուղերի համար նոր աղբավայր կկառուցվի

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն ապրիլի 27-ին Արագածոտնի մարզում ծանոթացել է միջհամայնքային նոր աղբավայրի կառուցման համար առաջարկվող տարածքին:

Այնտեղ մարզպետի, քաղաքապետի և այլ պատասխանատուների հետ քննարկվել են Աշտարակ քաղաքին և շրջակա գյուղերին սպասարկող` գործող աղբավայրի փակման և նորի կառուցման հնարավորությունները:

Գործող աղբավայրը գտնվում է Աշտարակ-Էջմիածին մայրուղուն անմիջապես հարող տարածքում, քամիների մշտական հոսանքի տակ, ինչը խնդիրներ է առաջացնում բնապահպանական նորմերին համապատասխան շահագործելու առումով: Նոր աղբավայրն առաջարկվում է կառուցել Աշտարակ քաղաքի վարչական տարածքում` Երևան-Աշտարակ մայրուղուց աջ ընկած հատվածում, խարամի նախկին հանքավայրի խորշերի տեղում:

Մարզպետը նշել է, որ տարածքն ընտրվել է տեղական մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում: Գևորգյանը կարևորել է նոր աղբավայրի` սահմանված բոլոր պահանջներին և բնապահպանական նորմերին համապատասխան կառուցումը: Ըստ նրա` հարցը պետք է ներկայացվի բնապահպանական փորձաքննություն իրականացնող կազմակերպության, ինչպես նաեւ համայնքնի ավագանու քննարկմանը: Աղբավայրի շահագործման հետ կապված պատասխանատվություն պետք է ստանձնեն նաեւ հետագայում դրանից օգտվող մյուս համայնքները: