Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ վնասված հաղորդուղիների վերականգնման աշխատանքներ իրականացնող ընկերություններին հանձնարարվել է կարճ ժամկետներում վերականգնել նշված աշխատանքների ժամանակ վնասված ասֆալտբետոնե ծածկույթն ու տարածքները բերել բարեկարգ տեսքի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն արգելված վայրերում շինարարական և կենցաղային աղբի կուտակումները բացառելու ուղղությամբ:
Տրանսպորտի վարչության պետի զեկույցի համաձայն՝ շարունակական խիստ վերահսկողություն է սահմանված հատկապես երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի երթևեկության ժամանակացույցի պահպանման ուղղությամբ: Հանձնարարվել է շաբաթ և կիրակի օրերին կարգավորել ավտոշուկայի գործունեությունն այնպես, որ հարակից տարածքի բնակչության համար անհարմարություններ չստեղծվեն:
Քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման և շինբարեկարգման աշխատանքների մասով հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել աշխատանքների ինչպես որակի, այնպես էլ սահմանված ժամանակացույցի պահպանման նկատմամբ:





