AM
30 Ապրիլ 2013 - 07:27 AMT

Ոստիկանությունը՝ Նաիրա Զոհրաբյանին. Աջափնյակում ապարանցիներ չեն գրանցվել

Մամուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Աջափնյակում 8 հազար ապարանցի է գրանցվել: Ոստիկանությունը կրկին հավաստիացնում է, որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառումներն իրականացվում են բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Հայտնում ենք, որ մատուցվածը կրկին ապատեղեկատվություն է և հերթական անգամ կեղծ հայտարարություններով փորձ է արվում ապակողմնորոշել հանրությանը: Ընտրական գործընթացների շրջանակներում բազմիցս հնչեցվել են նմանատիպ հիմնազուրկ հայտարարություններ, որոնցից որևէ մեկը սակայն, չի հիմնավորվել: Հայտարարության անառարկայականության վկայությունն է նաև ստորև բերված թվային համեմատականը:

Աջափնյակ վարչական շրջանում 2013 թ. հունվարի 9-ին հրապարակված ՀՀ Նախագահի ընտրությունների նախնական ընտրացուցակներում ընդգրկված է եղել 81.614 ընտրող, իսկ 2013 թ. մարտի 27-ին հրապարակված Երևանի ավագանու ընտրությունների նախնական ընտրացուցակներում ընդգրկված է 81.751 ընտրող:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս հավաստիացրել է, որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառումներն իրականացվում են բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան հիմքերի առկայության պայմաններում»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: