ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ԻԻՀ գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությունը։ Այսօր երկու երկրների դատախազները համագործակցության հուշագիր են ստորագրել: «ԻԻՀ և ՀՀ հարաբերությունները բարեկամական են, զարգանում են և ընդլայնվում, բայց փորձը ցույց է տալիս, որ առանց իրավական կողմի դիվանագիտական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունները ամբողջական չեն: Հետևաբար մեր երկրների դատական իշխանությունները ևս պետք է ընդլայնեին հարաբերությունները և այս փաստաթուղթն առաջընթացի համար հիմք կդառնա», – ստորագրելուց հետո ասաց ԻԻՀ գլխավոր դատախազը:
«Յուրաքանչյուր տարի Իրանի դատական համակարգին 20 հարցում ենք ուղարկում: Իրանի 10-12 քաղաքացի տարբեր հանցագործությունների համար իր պատիժը ՀՀ ՔԿՀ-ներում է կրում: Անցած և այս տարի պատիժը կրելու համար ԻԻՀ-ն ենք հանձնել 25 բանտարկյալի: Այս ամենն առ այսօր արել են դիվանագիտական հարաբերությունների միջոցով, դեսպանատների միջնորդությամբ և բավական արդյունավետ, բայց այս հուշագրով իրավական հարցերի շուրջ ևս գործակցելու հնարավորություն կունենաք, դրանք ավելի օպերատիվ և արդյունավետ լուծում կստանան», – ասաց Ա.Հովսեփյան: ԻԻՀ ՔԿՀ-ներում պատիժ կրող ՀՀ քաղաքացիներ այս պահի դրությամբ չկան:
ՀՀ գլխավոր դատախազը նշեց նաև, որ Իրանի հետ ՀՀ հարաբերությունները, հատկապես տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում, տարեցտարի ավելի մեծ ծավալների են հասնում և, բնականաբար, իրավական կարգավորման խնդիր է առաջանում: Այս հուշագիրը պետք է համակարգի գործակցությունը և այն հիմք է, որով նախատեսվում է հստակ ծրագրեր մշակել իրավական գործակցության համար:
Այդ ծրագրերից կարևորվում է հատկապես թմրամիջոցների տարածման դեմ համատեղ պայքարը: «Այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ական ուժերը մտան Աֆղանստան, թմրամիջոցների շրջանառության ծավալները մի քանի անգամ մեծացել են և լուրջ խնդիր դարձել նաև Իրանի համար. նաև Իրանի տարածքն է օգտագործվում որպես տարանցիկ ճանապարհ: Մենք մեր բոլոր հարևաններին հայտնել ենք, որ պատրաստ ենք գործակցել: Այս հուշագիրը և նման փաստաթղթերը մեզ կօգնեն այդ հարցում», – ասաց ԻԻՀ գլխավոր դատախազն ու նշեց, որ Իրանում դատապարտվածների 44 տոկոսն առնչություն ունի թմրամիջոցերի հետ: Պատիժները խիստ են հատկապես քիմիական ծագում ունեցող թմրամիջոցների դեպքում: Օրինակ, հերոինի 30 գրամի դեպքում, մահվան են դատապարտում:
«Արևմուտքը և ԱՄՆ-ը քննադատում են մեր պայքարի միջոցները: «Մարդու իրավունքների պաշտպանություն» անվան տակ մեզ մեղադրում են ծանր պատիժներ կիրառելու համար: Բայց թմրամիջոցները քայքայում են հասարակությունը, ընտանիքը, հետևաբար պետությունը: Սա որոշ երկրների ռազմավարությունն է` փորձում են թմրամիջոցների միջոցով քայքայել երկիրը»,- ասաց ԻԻՀ գլխավոր դատախազը:
Իսկ Հայաստանում թմիրամիջոցների տարածման դեմ պայքարաը, ըստ Աղվան Հովսեփյանի, վերջին տարիներին արդյունավետ է դարձել` վիճակագրական լուրջ փոփոխություններ ունենք: «Հայաստան թմրամիջոցները մտնում են Իրանի և Թուրքիայի տարածքից: Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի Հայաստանը տարանցիկ երկիր չդառնա, որովհետև երբեք այդպիսին չի եղել», – ասաց ՀՀ գլխավոր դատախազը:





