Ապրիլի 24-26-ը Մոսկվայի հումանիտար համալսարանի (МосГУ) կազմակերպած ՅՈւԼԱ 15-րդ միջազգային գովազդային փառատոնում արդեն 3-րդ անգամ ներկայացել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Գովազդի ֆակուլտետի 3-5-րդ կուրսերի ուսանողները: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են համալսարանի մամուլի ծառայությունից:Փառատոնի արդյունքում ՀՌՀ ուսանողները Տպագիր գովազդ և Հաղորդակցության արշավ անվանակարգերում նվաճել են երկուական 2-րդ տեղ և 8 դիպլոմ՝ ստեղծագործական նվաճումների համար: Հաշվի առնելով փառատոնի հեղինակությունը և ընձեռած հնարավորությունները մասնակիցների համար՝ ուսանողների հաջողություններն իսկապես կարևոր են ոչ միայն իրենց մասնագիտական որակների բարելավման, այլ նաև հայաստանյան գովազդային շուկայի համար:
Փառատոնին մասնակցելուց առաջ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Գովազդի ֆակուլտետի ուսանողները ապրիլի 19-ից մայիսի 3-ը կազմակերպել են փառատոն-ցուցահանդես, որտեղ ներկայացրել են այն աշխատանքները, որոնք ուղարկվել են փառատոնի ժյուրիի դատին, նաև նախորդ տարիների մասնակիցների ու մրցնակային տեղեր ստացած գովազդային գաղափարները: Նախորդ տարիներին նույն ֆակուլտետի ուսանողներին հաջողվել է գրավել մի քանի 3-րդ մրցանակ՝ Արտաքին գովազդ և Ռադիոգովազդ անվանակարգերում:
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում 2007 թվականից է գործում Հայաստանում առաջին Գովազդի ֆակուլտետը, որի առաջին շրջանավարտներն արդեն աշխատում են հայաստանյան գովազդային շուկայում:





