AM
2 Մայիս 2013 - 14:03 AMT

Ազատամարտիկը՝ Սյունիքի արոտավայրերի մասին. Վստահ չեմ, որ մեր երեխաները ստիպված չեն լինի նորից արյան գնով ազատագրել

Ազատամարտիկ, Հայաստանի Կասկադյորների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը հստակ տեղեկություն չունի Սյունիքի արոտավայրերը թրքախոս իրանցիներին վարձակալությամբ տալու պայմանավորվածության մասին, բայց նկատում է, որ «ծուխն առանց կրակի չի լինում»:

Այսօր ասուլիսի ժամանակ նա ասել է, որ մենք վերադառնում ենք անցյալ դարի սկիզբ, պատմությունը կրկնվում է: «Մենք կարողացանք արցախյան ազատամարտի ժամանակ ինչ-որ բան անել: Վստահ չեմ, որ մեր երեխաները վաղը, մյուս օրը ստիպված չեն լինի այդ հողերը նորից արյան գնով ազատագրել: Այդ սխալն այսօր չպետք է արվի: Ամեն ինչ չի կարելի վերածել բիզնեսի»,- ասել է ազատամարտիկն ու նշել, որ այդ հողերը կարող են օգտագործել մեր գյուղացիները:

Ազատամարտիկ, բնապահպան Ապրես Զոհրաբյանն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ հայկական կողմից հաճախ հնչող կարծիքները, թե այդտեղ գալու են ադրբեջանցիներ բնակվեն՝ «ջուր են լցնում Բաքվի ռեժիմի քարոզչական ջրաղացին»: «Բաքվի ռեժիմն ամեն ինչ անում է, որ նրանց ներկայացնի որպես ադրբեջանցիներ, բայց այդ թրքախոս իրանցիները լավ ինտեգրված են Իրանի սոցիալական, տնտեսական, կրոնական համակարգին և իրենց այդ երկրի մասն են զգում», – ասել է նա: