Հերթական ընտրությունների մոտենալուն զուգահեռ աճում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացված զանգերի ու բողոքների թիվը: Զանգահարող քաղաքացիների թվում կան մարդիկ, ովքեր հաշմանդամության, առողջական, տարիքային հանգամանքներից ելնելով ի վիճակի չեն մասնակցել ընտրություններին և, փաստորեն, զրկված են իրենց ընտրական իրավունքն իրականացնելուց:Հայաստանում բնակվող մոտ 185 հազար հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասը ունի ընտրելու իրավունք, որն ապահովված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, ինչպես նաև ՀՀ Ընտրական օրենսգրքով, համաձայն որի պետությունը պետք է հավասար պայմաններ ստեղծի բոլոր մարդկանց ընտրական իրավունքի ապահովման համար:
Մարդու իրավունքների պաշտպանի՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդական Տաթևիկ Խաչատրյանի մեկնաբանությամբ, իրականում, օրենքի այս պահանջը դեռևս չի իրագործվում մեր երկրում: «Բացի անմատչելի ընտրատեղամասերից, ՀՀ Ընտրական օրենսգիրքը չի ապահովում այն մարդկանց ընտրելու իրավունքը, ովքեր չեն գտնվում բուժհաստատությունում, սակայն հիվանդության կամ հաշմանդամության պատճառով ընտրական տեղամաս այցելելու հնարավորություն չունեն: Այլ պետությունների փորձը հուշում է, որ խնդիրը հնարավոր է կարգավորել շրջիկ արկղի կամ, օրինակ, էլեկտրոնային, լիազորագրի, սուրհանդակի միջոցով: Այս պրակտիկան` մասնավորապես շրջիկ արկղը, ըստ Ընտրական օրենսգրքի 54 հոդվածի գործում է միայն ստացիոնար բժշկական հաստատությունում գտնվող քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների համար, սակայն այն չի ծածկում ընտրատեղամաս գնալու հնարավորություն չունեցող բոլոր մարդկանց:
Դեռևս գործող Ընտրական օրենսգրքի մշակման ժամանակ պաշտպանի կողմից բազմաթիվ անգամ բարձրացվել էին այս և այլ շատ խնդիրներ և համապատասխան առաջարկություններ էին արվել հնարավորինս շատ քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովման նպատակով: Ցավոք, այս առաջարկությունները տեղ չգտան մեր օրենսդրության մեջ, ինչն այսօր հանգեցնում է մի խումբ մարդկանց քաղաքական և հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու իրավունքի ոտնահարմանը: Հուսով ենք, որ այս և նման այլ հարցեր իրենց լուծումը կգտնեն ոչ միայն օրենսդրական փոփոխությունների, այլև օրենքի արդյունավետ ապահովման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության միջոցով», – նշել է Տաթևիկ Խաչատրյանը:





