AM
3 Մայիս 2013 - 07:31 AMT

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գիտաժողով է տեղի ունեցել Բուենոս Այրեսում

Ապրիլի 30-ին Բուենոս Այրեսի կենտրոնական վարժարանում Հարավային Ամերիկայի Հայ Ազգային համագումարի կազմակերպմամբ տեղի ունեցավ «Ժխտողականության դեմ, հանուն արդարության և ճշմարտության» խորագրով Մեծ եղեռնի 98-ամյակին նվիրված գիտաժողով:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, միջոցառմանը մասնակցեցին և բազմաթիվ ներկաների առջև ելույթ ունեցան Արգենտինայի կրթության նախարար Ալբերտո Սիլեոնին, Դաշնային դատավոր Սերխիո Տորրեսը, Խտրականության, քսենոֆոբիայի և ռասիզմի դեմ ազգային ինստիտուտի տնօրեն Պեդրո Մուրադյանը, Մայիսյան հրապարակի մայրերի ներկայացուցիչ Նոռա Կորտինյասը, Հասարակական գիտությունների դոկտոր Ֆեդերիկո Լորենսը և Հարավային Ամերիկայի Հայ Ազգային խորհրդի նախագահ Ալֆոնսո Տաբակյանը:

Ձեռնարկին ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներ, կրոնական գործիչներ և լրագրողներ:

Բանախոսները նշեցին, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ծնեց նմանատիպ զարհուրելի ոճրագործություններ՝ շեշտելով մարդկության դեմ գործած ծանրագույն այդ հանցագործության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման հրամայականը:

Նշվեց, որ ցեղասպանություն իրականացրած թուրքական կառավարությունը միջազգային հանրությանը հայերին ներկայացնում էր որպես թշնամական տարր` դրանով իսկ արդարացնելով իր ոճրագործությունը:

Անդրադարձ կատարվեց մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Արգենտինայի փորձին: Եվս մեկ անգամ հիշատակվեց, որ ապրիլի 24-ը երկրում օրենքի ուժով ճանաչված է որպես հանդուրժողականության և ազգերի միջև հարգանքի օր և, որ այդ քայլով Արգենտինան վերահաստատեց արդարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ջատագովի իր համբավը: