Ապրիլի 23-ին Լոնդոնում կայացավ հանրահայտ «Դիպլոմատ» ամսագրի «Տարվա դիվանագետ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ավելի քան 150 երկրների դեսպաններ ու դիվանագետներ, ինչպես նաև բրիտանական արտաքին գերատեսչության ու գործարար համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Տարվա դիվանագետ-2013 մրցանակը ներկայացվեց 10 անվանակարգում: Մրցանակաբաշխությունը վարեց հայտնի բրիտանացի դիվանագետ, նախկին դեսպան սըր Քրիսթոֆեր Մեյերը:
Եվրասիա տարածաշրջանի համար նախատեսված մրցանակը, իր գործընկեր դեսպանների միաձայն քվեարկության արդյունքում, հետմահու շնորհվեց ՄԹ-ում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանին՝ բացառիկ ձեռքբերումների ու իր երկրի շահերն արդյունավետ կերպով ՄԹ-ում ներկայացնելու համար:
Մրցանակը ընդունեց ՄԹ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը:





