Բուենոս Այրեսում ընթացող Գրքի 39-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված էր նաև Հայաստանը, մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և արգենտինահայ համայնքային կառույցների օժանդակությամբ ցուցահանդեսի «Խորխե Լուիս Բորխես» սրահում կայացավ օրվա կենտրոնական ձեռնարկը, որին ներկա էին ավելի քան 1200 հանդիսականներ: Բացման խոսքով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին:
Իր ելույթում դեսպան Մելիքյանը, մասնավորապես, նշեց. «Ավելի քան 30 տարի Հայաստանի տաղավարն իր յուրահատուկ և ճանաչելի տեղն ունի հեղինակավոր այս ցուցահանդեսում՝ շնորհիվ արգենտինահայ համայնքի անմիջական օգնության, աջակցության և գործուն մասնակցության։ Խորհրդանշական զուգադիպությամբ 2012 թվականին Երևանը՝ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը պատիվն ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվելու որպես արդեն համաշխարհային գրքի 12-րդ մայրաքաղաք։ Եվ հատկանշական է, որ պատվավոր այդ տիտղոսը մենք ընդունեցինք Բուենոս Այրեսից։ Անցյալ տարի մեծ շուքով նշելով հայ գրատպության 500-ամյա հոբելյանը՝ Հայաստանը կարողացավ համայն գրականասեր հանրությանը պատմել հայ գրքի անցած երկարատև, դժվարին, ցավերով ու տանջանքներով, բայց և փառապանծ նվաճումներով լի ճանապարհի, ինչպես նաև ներկայիս հանգրվանի մասին»։
Նախարար Էրնան Լոմբարդին անդրադարձավ 2012 թ. Երևանը՝ որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստին, այդ կապակցությամբ կայացած միջոցառումներին՝ ընդգծելով երկու երկրների մշակութային կյանքում գրքի ունեցած կարևոր նշանակությունը: Միաժամանակ, նա իր տպավորությունները կիսեց վերը նշված առիթով Երևան կատարած այցից՝ բնութագրելով այն որպես բազմաբովանդակ և անմոռանալի:
Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես եկան արգենտինահայ երգիչ-երգչուհիներ, «Գայանե», «Մասիս», «Նարեկ» և «Նաիրի» պարախմբերը, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։





