AM
3 Մայիս 2013 - 09:44 AMT

ՀԱԿ ակտիվիստների գործով Վճռաբեկ դատարանի 1-ին նիստը մայիսի 8-ին է

Վճռաբեկ դատարանը նշանակել է ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարության օրը` մայիսի 8: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ակտիվիստներից Սարգիս Գևորգյանը: Նա նշեց, որ Դավիթ Քիրամիջյանն արդեն ծանուցում ստացել:

Վճռաբեկ դատարանը մարտի 21-ին էր վարույթ ընդունել ՀԱԿ ակտիվիստների փաստաբաների ներկայացրած բողոքը: Ակտիվիստներից Սարգիս Գևորգյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էր .«Այն փաստը, որ որոշումը կայացվել է վերջին օրը, ցույց է տալիս, որ այս գործը ձգձգելու խնդիր ունեն: Հնարավոր է` սպասում են Երևանի ավագանու ընտրություններն անցնեն, ու, իրենց կարծիքով, քաղաքական ավելի կայուն իրավիճակում մեր գործով վերջնական որոշումը կայացնեն»:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2012թ. նոյեմբերի 13-ին մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները: Այսպիսով դատարանը օրինական ուժի մեջ էր թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման: ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների հետ միջադեպի գործով: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, Արտակ Կարապետյանը խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը խուլիգանության մեջ: