Այն քաղաքացիները, ում անձնագրերը կենսաչափական տվյալներով են, չեն կարողանում քվեարկել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է թողել լրագրող Ռուզաննա Խաչատրյանը:
«Աբսուրդ չի՞։ Հայաստանի Հանրապետության տված օրինական, վավերական անձնագիրս ինձ զրկեց ընտրական իրավունքից, որովհետև կենսաչափական է, իսկ հասցես նշված է չիփի մեջ, որը կարդալու հնարավորություն հանձնաժողովները չունեն։ Մի հատ չնայեցին էլ, որ չիփից դուրս՝ անձնագրիս բաց տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան թիվ, ամիս, տարի), իրենց առջև դրված ընտրացուցակների տվյալներիս մեկը-մեկին համապատասխանում են։ Չգիտեմ՝ հոգեբույժներն ինչ կասեին, ես կասեի՝ ընտրակեղծիքից վախի սևեռուն գաղափար», – գրել է նա:
Ապրիլի 18-ին ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու և միասնական կիրառումն ապահովելու նպատակով պարզաբանում էր տարածել, որ անձը հաստատող փաստաթղթերից է համարվում առանց կենսաչափական տվյալների անձնագիրը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ռուզաննա Խաչատրյանը նշեց.«Ինչքան ուզում է՝ զգուշացնի, դրանով ի՞նչ է, ինձ զրկու՞մ են ընտրելու իրավունքից։
ԿԸՀ-ն ոչ թե քաղաքացուն պիտի զգուշացներ, այլ դիմեր ՍԴ, օրենքի կետը սահմանադրությանը հակասող ճանաչեր, որովհետև այդ կետը սահմանափակում է ընտրողի իրավունքը»:





