AM
13 Դեկտեմբեր 2005 - 09:24 AMT

Բրյուսելում մեկնարկում են Եվրամիություն-Հարավային Կովկաս բանակցությունները

Այսօր Բրյուսելում ԵՄ Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Խավիեր Սոլանայի գլխավորությամբ Եվրամիության Եռյակի ներկայացուցիչները Բրյուսելում այսօր առանձին հանդիպումներ են ունենալու Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ` քննարկելու Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում իրականացվելիք քայլերը: «Բրյուսելում պետք է կայանար Եվրամիության եռյակի եւ Հարավային Կովկասի երկրների ԱԳՆ ղեկավարների հերթական յոթերորդ նիստը, սակայն Ադրբեջանի եւ Կիպրոսի միջեւ առկա տարաձայնությունների պատճառով հանդիպման ձեւաչափը փոխվեց ոչ պաշտոնականի», -հայտարարեց Հայաստանի ԱԳՆ խոսնակ Համլետ Գասպարյանը: Ըստ նրա, որպեսզի հանդիպումը շարունակվի եւ խոսվի բուն էության մասին` հատկապես Հայաստանի եւ Վրաստանի հետ եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ընթացող գործընթացի մասին, Եվրամիությունը որոշեց հարցին լուծում գտնել` փորձելով առկա վիճակից ինչ-որ կերպ դուրս գալ, ինչը բովանդակային առումով Հայաստանի համար դա նույնն է կամ գրեթե նույնն է:
«Հարցը այդ ընդհանուր մոտեցման հետ կապված բաղոքել կամ դժգոհելը չէ: Մենք ներկայացրել ենք մեր նկատառումները, եւ լավ կլիներ, որ յուրաքանչյուր երկրի հետ հարաբերությունները առանձին ուղղությամբ գնային, որպեսզի մեկը մյուսին չխոչընդոտեր», – նշեց Հ.Գասպարյանը:

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ անհատական գործողությունների ծրագրի մեկնարկին, ապա, արտգործնախարարության խոսնակի խոսքերով, նոյեմբերի վերջին բավականին արդյունավետ եւ օգտակար աշխատանք ծավալվեց` գործողությունների ծրագիրը վերջնամշակման հասցնելու եւ կիրառելու ուղղությամ: «Հուսով ենք, որ մինչեւ եկող տարվա առաջին եռամսյակ կանցնենք ծրագրի կիրառման փուլին: Մենք տարիներ ի վեր հայտարարում ենք Հայաստանի եվրոպական պատկանելության մասին, եվրոպական կառույցներին ինտեգրվելու մասին: Հայաստանի քաղաքականության հիմնական ուղղությունը դա է», – հայտարարեց Համլետ Գասպարյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: