AM
6 Մայիս 2013 - 08:58 AMT

Ութ երիտասարդ պետական աջակցությամբ կմասնակցի միջազգային գիտական ծրագրերի

Հայաստանի նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն ամփոփել են ծրագրի շրջանակում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի ապրիլի արդյունքները:

Արտասահմանում միջազգային գիտաժողովների մասնակցելու նպատակով աջակցություն են ստանալու ութ երիտասարդ գիտնականներ: Ֆինանսավորելու է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Գևորգ Մարտիրոսյանը նոյեմբերի 5-8-ը Լոնդոնում կմասնակցի Արվեստի և գիտության միջազգային գիտաժողովին։ «Բիոլոգիական մեխանիզմներ 2013» միջազգային գիտական կոնգրեսի շրջանակներում հուլիսի 3-11-ը Սանկտ Պետերբուրգ կմեկնի Գոհար Կարապետյանը։

Մայիսի 24-31-ը Իտալիայի Հանրապետության Սիցիլիա կղզում կանցկացվի «Օն-լայն գիտություն» խորագրով ծրագիրը, որին կմասնակցի Եզնիկ Միրզոյանը։

Դավիթ Փիլիպոսյանը «Ֆոնոնիկս 2013» միջազգային գիտաժողովի շրջանակներում հունիսի 2-7-ը կմեկնի Շարմ Էլ Շեյխ քաղաք, որտեղ էլ անցկացվում է նշված գիտական համաժողովը։

Օգոստոսի 19-27-ը Սանկտ Պետերբուրգում Հովհաննես Մուրադյանը և Արթուր Մովսիսյանը կմասնակցեն «Դիֆրակցիոն տվյալների անալիզի ժամանակակից մեթոդներ» խորագրով գիտաժողովին։

Նարեկ Մուրադյանը մայիսի 14-16-ը Մոսկվայում Հայաստանը կներկայացնի «Տնտեսության և հասարակության վերլուծության վիճակագրական մեթոդներ» խորագրով գիտաժողովին։

Ռոման Հովսեփյանը հունիսի 17-22-ը կմասնակցի Պալեոէթնոլոգիայի 16-րդ միջազգային կոնֆերանսին, որը տեղի կունենա Հունաստանի Սալոնիկ քաղաքում։