AM
14 Դեկտեմբեր 2005 - 14:52 AMT

ԼՂՀ նախագահը չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը

«Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ բանակցային գործընթացում երբեմն առաջանում են տարաձայնություններ, սակայն դրանք լուծվում են աշխատանքային կարգով, եւ մենք կանգ ենք առնում առավել փաստարկված մոտեցման վրա»: Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Երեւանում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Անդրադառնալով ազատագրված տարածքներին` Ա.Ղուկասյանը հայտարարել է. «Մեզ համար այդ տարածքները անվտանգության գոտի են, անվտանգության երաշխիք»: Նրա խոսքերով, անհնար է որեւէ հարց դիտարկել կարգավորման ընդհանուր համատեքստից դուրս: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է նա տեսնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն առանց այդ տարածքների` ԼՂՀ նախագահը նշել է, որ «չէր ցանկանա ժամանակից շուտ բացել խաղաքարտերը»: «Խնդիրը հետեւյալն է` ցանկացած կարգավորում ենթադրում է փոխադարձ զիջումներ, իսկ թե կոնկրետ ինչպիսի, պետք է որոշվի բանակցությունների ընթացքում»,-ավելացրել է Ա.Ղուկասյանը` նշելով, որ հարցի չկարգավորված լինելը նույնպես լուծում է:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպումը անցնում Երեւանում, այլ ոչ թե Ստեփանակերտում` Ա.Ղուկասյանը հաղորդել է, որ դա կապված է այն բանի հետ, որ միջնորդների տարածաշրջան այցելության ժամկետների մեջ ինչ-որ «խափանում» է եղել: «Դա չի նշանակում, որ հաջորդ հանդիպումը չի լինի Ղարաբաղում»,-նշել է Ա.Ղուկասյանը` ավելացնելով, որ այս հանդիպման շնորհիվ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարողացան այցելել Երեւանում ԼՂՀ ներկայացուցչություն: