AM
8 Մայիս 2013 - 05:48 AMT

Վայք-Եղեգնաձոր ճանապարհին մեքենան ընկել է ձորը. Վարորդը մահացել է, ուղևորները հիվանադանոցում են

Մայիսի 8-ին, ժամը 03.47-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին` Մալիշկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան – Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կիլոմետրին «ԲՄՎ» մակնիշի 84LP880 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից ձորը, ինչի հետևանքով վարորդ 1992թ. ծնված Գարիկ Ղազարյանը տեղում մահացել է: Ուղևոր՝ 1992թ. ծնված Արմեն Վարդանյանն ինքնուրույն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված:

Հրշեջ-փրկարարներն ուղևոր՝ 1992թ. ծնված Տարոն Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից: Ուղևորներ Ա.Վարդանյանը և Տ.Հովհաննիսյանը տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: