AM
8 Մայիս 2013 - 17:37 AMT

ՀԲ ներկայացուցիչ. Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների արդյունքներն ակնհայտ են

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի կրթական թիմի ներկայացուցիչներ Ֆրանցիսկո Մարմոջելոյին և Սաչիկո Կատաոկային: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Ա. Աշոտյանն ընդդգծել է, որ Համաշխարհային բանկը Հայաստանի կրթական բարեփոխումների կարևոր գործընկերներից է: Միաժամանակ հույս է հայտնել, որ ՀԲ-ի աջակցությամբ ընթացող բարեփոխումները կլինեն շարունակական:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել է ՀԲ-ի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրին և այս օրերին Երևանում ընթացող միջազգային համաժողովում ներկայացված «Կառավարման խնդիրների լուծումը՝ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների կենտրոնում» զեկույցին: ՀԲ ներկայացուցիչների գնահատամամբ՝ Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների արդյունքները դրական են, դինամիկ տեղաշարժը ակնհայտ է հատկապես բարձրագույն կրթության ոլորտում:

Այս համատեքստում կարևորվել է 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը: Նախարարը նշել է, որ Հայաստանն անցում է կատարում բարձրագույն կրթության ոլորտի երրորդ փուլի բարեփոխումներին, որի հիմնական թիրախներից մեկը բուհական համակարգի կառավարման ռեֆորմներն են, մասնավորապես բարձրագույն ուսումնական հաստատությունների նոր, առավել արդյունավետ կազմակերպաիրավական կարգավիճակի ընտրությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ ծրագրերին առնչվող մի շարք այլ խնդիրներ: