AM
13 Մայիս 2013 - 06:29 AMT

Կայացավ Young Armenians’ Network-ի առաջին առցանց ժողովը

Այսօր տեղի ունեցավ YAN-ի (Young Armenians’ Network) առաջին առցանց ժողովը, որի օրակարգում ընդգրկված էին Ցանցի կազմակերպական կառուցվածքին,հայկական երիտասարդական կազմակերպությունների հետագա համագործակցության, ինչպես նաև հակահայկական քարոզչության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր:

Ոստայնի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը ողջունեց հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներին և հույս հայտնեց, որ սեմինարին զուգահեռ անցկացված «Հայերենն իմ սրտում է» համաժողովը ճանաչողական, քաղաքական, պատմական նշանակությունից զատ, ունեցավ նաև շոշափելի արդյունքներ, իսկ որ ամենակարևորն է` այսպիսի դրական շարունակություն:

Ներկայացնելով հայ երիտասարդության առջև ծառացած ներկա հիմնական մարտահրավերները` նա ընդգծեց, որ բոլորիս գործունեության նպատակը պետք է լինի հզոր Հայաստան ունենալը, նրա շենացմանը մասնակցելը և սփյուռքում հայ մնալը, հայտնում են Ոստայնի քարտուղարությունից:

Հիշեցնենք, որ Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի նախաձեռնած «Երիտասարդական հասարակական կազմակերպությունների դերը տեղեկատվական հասարակությունում» խորագրով միջազգային սեմինարը կայացավ ապրիլի 22-28-ը Երևանում, որին մասնակցեցին տարբեր երկրներից ժամանած 35 երիտասարդ առաջնորդներ: Սեմինարին աջակցել էին Եվրոպական երիտասարդական հիմնադրամը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի ու ՀՀ սփյուռքի նախարարությունները:

Սեմինարը նպատակ ունի համատեղ ուժերով վեր հանել առցանց երիտասարդական աշխատանքի արդյունավետ մեթոդները և խրախուսել դրանց կիրառումը հայրենիքի ու սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների կողմից: Սեմինարի ավարտին մասնակիցների ուժերով ստեղծվեց երիտասարդ հայերի ցանց՝ YAN – Young Armenians’ Network, որին միացան երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ինչպես նշեց ծրագրի համակարգող Սոֆյա Պիրադյանը ծրագրի արդյունքներից մեկն այն էր, որ հնարավորություն ստեղծվեց մշակել երկարատև համագործակցության ծրագրեր և ապահովել ծրագրի շարունակականությունը: