ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մայիսի 10-ին Նյու Յորքում հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռեբեկա Գրինսպանի (Rebeca Grynspan) հետ: Կողմերը բարձր ու արդյունավետ գնահատեցին Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և, մասնավորապես, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ ավելի քան 20-ամյա համագործակցությունը, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը ՄԱԶԾ-ին համարում է կարևոր գործընկեր, վերջինիս միջոցով Հայաստանում իրականացվող ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը:
Փոխվարչապետն առանձնահատուկ նշեց ՄԱԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ ու փորձագիտական աջակցությամբ Հայաստանում տարածքների համաչափ զարգացման խնդիրների ուսումնասիրման ուղղությամբ կատարվող աշխատանքները, ինչպես նաև տարբեր համայնքներում իրականացվող զարգացման բազմաբնույթ ծրագրերը: Առանձնակի անդրադարձ կատարվեց Եվրոպական միության նախաձեռնած Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրին, որը միտված է տարածաշրջանային համագործակցության խթանմանը և հաղորդակցության ուղիների բարելավմանը:
Կողմերը քննարկեցին նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը հայկական կողմի մտահոգությունը հայտնեց ՄԱԶԾ Բրատիսլավայի տարածաշրջանային գրասենյակի աշխատանքի ավարտի կապակցությամբ` նկատելով, որ գրասենյակի փոխարինման և տեղափոխման առնչությամբ համատեղ նամակով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին են դիմել նաև հայաստանյան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Հաշվի առնելով հայկական կողմի մոտեցումները` Ռեբեկա Գրինսպանը տեղեկացրեց, որ Նյու Յորքում պատրաստ են քննարկել Երևանի հետ համագործակցության ապագա ձևաչափին վերաբերվող հարցեր` ընդունելի լուծումներ գտնելու նպատակով:
Նույն օրը երեկոյան փոխվարչապետը մասնակցեց նյույորքաբնակ ազգային բարերար Նազար Նազարյանի մեծարման երեկոյին և ներկայացրեց ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը: Միջոցառման ընթացքում ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը բարերարին հանձնեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշանը:
Ա. Գևորգյանը մասնակցեց նաև «Էլիզ կղզու պատվո շքանշան»-ի հանձնման ամենամյա արարողությանը, որի ընթացքում պարգևատրվեցին ԱՄՆ-ի հասարակական կյանքում, ինչպես նաև հայ համայնքում և հայրենիքում իրենց գործունեությամբ աչքի ընկած ամերիկահայեր:
ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը այսօր` մայիսի 13-ին կմասնակցի Նյու Յորքում մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թրաֆիքինգի հարցերով բարձր մակարդակի հանդիպման նիստին: Փոխվարչապետը նիստի ընթացքում հանդես կգա ելույթով:





