AM
13 Մայիս 2013 - 13:58 AMT

Նստացույց հայտարարած ազատամարտիկները նաև Օմբուդսմենին կդիմեն

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների հարցերով փորձագետ Երանուհի Թումանյանցը և Պաշտպանի արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը այցելեցին Ազատության հրապարակում նստացույց հայտարարած պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին և նրան միացած երկու տասնյակ ազատամարտիկներին:

Ինչպես պատմեցին ազատամարտիկները, նրանք ունեն բազում խնդիրներ՝ սկսկած բնակարանային ապահովման հարցից, մինչև օրենքով սահմանված կարգին համապատասխան ավճար դեղորայքի չտրամադրման խնդիրները:

Ազատամարտիկների հետ զրուցելուց և իրենց բողոքներին ու պահանջներին ծանոթանալուց հետո Պաշտպանի աշխատակիցները առաջարկեցին դիմում ներկայացնել Պաշտպանի աշխատակազմ՝ խնդիրներն առավել մանրամասն և համապարփակ ուսումնասիրման համար: Ազատամարտիկները կառավարությանը դիմում ներկայացնելուց հետո առանձին դիմումներ կներկայացնեն նաև Պաշտպանին, հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում է մայիսի 11-ից: Նա կոչ էր արել ազատամարտիկներին, կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև այս հարցով մտահոգ ՀՀ այլ քաղաքացիներին մասնակցել նստացույցին: Ազատամարտիկները պահանջում են վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները, զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը և կատարել վերահաշվարկ և փոխհատուցել ազատամարտիկներին ու կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին: