AM
14 Մայիս 2013 - 05:38 AMT

ՏԿ և ՏԻ հարցերի մշտական հանձնաժողովն արտագնա նիստ է գումարել Արմավիրի մարզպետարանում

ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստն է գումարել Արմավիրի մարզպետարանում:Նիստին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ և մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրել է, որ արտագնա նիստը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի» շրջանակներում:

Հանձնաժողովը նպատակահարմար է համարել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ մարզում քննարկել ՀՀ կառավարության հեղինակած և վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը և լսել տեղաբնակների կարծիքներն ու առաջարկները, որոնք, անշուշտ, էական նշանակություն կարող են ունենալ նախագծի լրամշակման համար:

Օրենքում նախատեսվող փոփոխությունները ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, նշելով, որ նախատեսվում է օրենսդրորեն ամրապնդել քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը և մեծացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Մասնավորապես, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքն առաջարկվում է լրացնել նոր պարբերությամբ, համաձայն որի՝ համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան չորս տոկոսը: Նախատեսվում է, որ համայնքի բնակիչների նախաձեռնությունը պարտադիր կարգով պետք է ներկայացվի և քննարկվի ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում: Նույն նախաձեռնությունը ավագանու քննարկմանը կրկին կարող է ներկայացվել դրա քննարկումից վեց ամիս հետո:

Առաջարկվում են նաև այլ փոփոխություններ, որոնք վերաբերում են համայնքի ղեկավարի գործունեությանը, համայնքի զարգացման ծրագրի և բյուջեի կառավարման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությանը, հանրային բաց լսումներ և քննարկումներ կազմակերպելուն և այլն:

Հեղինակների կարծիքով, այս փոփոխությունները կարող են նպաստել համայնքների բնակիչների մասնակցությանը տեղական ինքնակառավարմանը, ինչպես նաև ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի թափանցիկությունը:

Օրենքում նախատեսվող փոփոխություններին և նպատակներին հարակից ելույթում անդրադարձել է «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը:

Նշելով առաջարկվող փոփոխությունները՝ Վահան Մովսիսյանն անհրաժեշտ է համարել վերանայել ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնության համար օրինագծում ամրագրված 4 տոկոս շեմը՝ այն շատ մեծ թիվ համարելով փոքրաթիվ համայնքների համար: Այս մոտեցումը մտքերի փոխանակության ընթացքում պաշտպանել են նաև համայնքների ներկայացուցիչները: Եղել են նաև այլ առաջարկներ, որոնք վերաբերում էին դիմողի տարիքային շեմին, համայնքների կողմից կատարվող ծախսերի փոխհատուցման խնդրին:

Հանձնաժողովը հարցուպատասխանի միջոցով նաև տեղեկացել է, որ որոշ համայնքներում գրանցվել են դեպքեր, երբ մեկ կամ մի քանի քաղաքացիների գրավոր կամ բանավոր դիմումների հիման վրա ավագանիները քննարկել, երբեմն նաև լուծումներ են տվել բարձրացված հարցերին:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Աժ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման և առաջարկների համար, որոնք հանձնաժողովի կողմից կներկայացվեն հեղինակների դատին: