AM
14 Մայիս 2013 - 06:33 AMT

Բարերար Նազար Նազարյանին շնորհվել է «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ կատարած հայրապետական այցի ընթացքում` մայիսի 10-ին, Ամենայն հայոց կաթողիկոսը ներկա գտնվեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի և Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպված` ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային բարերար Նազար Նազարյանի մեծարման հանդիսությանը:

Հանդիսության ընթացքում կաթղիկոսն իր օրհնությունը բերեց տիար Նազարյանին և նրան շնորհեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ի գնահատություն Աստվածկառույց Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը որդիական սիրով ու նախանձախնդրությամբ բերած բացառիկ ավանդի ու աստվածահաճո ծառայությունների:

Նազար Նազարյանը շարունակ նպաստել է սփյուռքի համայնքային, կրթական-սոցիալական ծրագրերին, միշտ եղել է հայապահպանության ջատագովն ու քարոզիչը: 1962 թ. ի վեր Լիբանանում գործում է Նազարյան դպրոցը, կառուցվել են սրահներ Բուենոս Այրեսի ՀԲԸՄ կենտրոնի, Կալիֆորնիայի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի, Նյու Յորքի «Նուբար» ճամբարի համար:

Նազարյան ընտանիքը իր նպաստն է բերել Նյու Ջերսիի Սբ. Թովմաս եկեղեցու կառուցմանը, հաստատել է հատուկ հիմնադրամ, որը կրթաթոշակներ է ապահովում բարձրագույն ուսում ստացող հայ ուսանողների համար, աջակցել է Սփյուռքի տարբեր ազգապահպան ծրագրերի իրագործմանը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: