Մայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և ԼՂՀ ներկայացուցչության հովանու ներքո Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Շուշիի ազատագրման 21-ամյակին, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման տոնին և Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված արարողություն և հիշատակի միջոցառում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Արարողությանը ներկա էին Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում հնչեցին ոգեկոչման խոսքեր՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման հերոսների և զոհերի, ովքեր իրենց կյանքով պայքարեցին հայրենիքի ազատագրման և պաշտպանության համար:
Հաղթանակին նվիրված միջոցառումների շարքում նախորդ շաբաթ Վաշինգտոնի Արլինգտոնյան հուշահամալիրում տեղի ունեցավ ավանդական դարձած միջոցառում՝ նվիրված 1945թ. Էլբայի ափին խորհրդային և ամերիկյան զորքերի պատմական հանդիպմանը:
Ի թիվս երկրորդ աշխարհամարտի դաշնակից երկրների դեսպանների և դիվանագետների՝ միջոցառմանը մասնակցեցին նաև ԱՄՆ Պետքարտուղարության, պաշտպանության քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ վետերանների միության ներկայացուցիչներ, ինչպես նաև պատմական այդ իրադարձության մասնակիցներ:
Միջոցառմանը մասնակցեց և Էլբայի ափին տեղի ունեցած խորհրդային և ամերիկյան զորքերի հանդիպմանը նվիրված հուշատախտակի մոտ ծաղկեպսակ դրեց նաև դեսպան Մարգարյանը:





