AM
14 Մայիս 2013 - 13:17 AMT

Պարգևներ են հանձնվել Մեծ Հայրենականի վետերաններին և արցախյան հերոսամարտի թբիլիսահայ մասնակիցներին

Մայիսի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված ընդունելություն:

Ընդունելությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի և հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի կողմից «Ծովակալ Իսակով» և «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալներ, պարգևներ և արժեքավոր նվերներ հանձնվեցին Երկրորդ աշխարհամարտի վետերաններին և արցախյան հերոսամարտի թբիլիսահայ մասնակիցներին:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գերատեսչական պարգևների հանձնման արարողության ավարտին դեսպան Մանուկյանը շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման համար մղված մարտերի մասնակիցներին մայիսյան եռատոնի կապակցությամբ և նշեց, որ նրանց սխրանքը հայրենասիրության օրինակ է յուրաքանչյուր հայորդու համար: