AM
15 Մայիս 2013 - 05:42 AMT

Արմեն Աշոտյան. Ժամանակակից հայ երեխան գիրքը համակարգչով չի փոխարինել

Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել «Ընթերցման» օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա է գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով «Ընթերցման» օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը՝ նախարարը շեշտել է, որ ապագան ընթերցող երեխայինն է:

«Ապագան կառուցվում է գիտելիքի արժևորմամբ. ոչ ընթերցասեր մարդը հուսալի ապագա չունի: Ամիսներ տևած օլիմպիադան գրանցեց իր հաջողությունը: Սա գրքին մերձենալու հաջողված առիթ էր: Մեր աշակերտներն ապացուցեցին, որ ժամանակակից հայ երեխան գիրքը համակարգչով չի փոխարինում և, բացի հեռակառավարման վահանակից և համակարգչից, սիրով նաև գիրք է բացում ու կարդում:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել հոռետեսական կանխատեսումները՝ «գրքի մահանալու» մասին, մինչդեռ ես վստահ եմ, որ դա այդպես չէ, քանի որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր գիրքը մշտապես իրենց ձեռքում են պահում, չեմ թերագնահատում տեխնոլոգիական առաջընթացը: Ինքս լինելով տեղեկատվական միջոցների ակտիվ օգտատեր՝ մշտապես ունեմ գիրք կարդալու մեծ ցանկություն, քանի որ վստահ եմ՝ գրքով կարդացածն ուրիշ է»,-ասել է նախարարը:

Նշենք, որ «Ընթերցման» օլիմպիադայի առաջին փուլը կայացել է նոյեմբերին, որին մասնակցել են շուրջ 10 հազար աշակերտներ հանրապետության տարբեր դպրոցներից: Օլիմպիադան անցկացվել է 6-րդ դասարանցիների շրջանում: Եզրափակիչ փուլում մրցել են 33 աշակերտ, որոնցից էլ մասնագիտական մրցատյանի կողմից ընտրվել են հաղթողները: