AM
15 Մայիս 2013 - 14:12 AMT

Թիվ 143 դպրոցում հրդեհի սցենարով ԱԻՆ վարժանքը բարձր մակարդակով է անցկացվել

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունը Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 դպրոցում կազմակերպել էր «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով մարտավարական վարժանք: Նախապատրաստական աշխատանքներն իրականացվել էին ՓԾ Նոր Նորքի համայնքային բաժնի կողմից։

Վարժանքի նպատակն էր` ստեղծված իրավիճակում ստուգել հրշեջ-փրկարարների տեսական գիտելիքների, գործնական ունակությունների և հմտությունների կիրառումը, անվտանգության կանոնների պահպանումը, հրդեհաշիջման աշխատանքներին զուգընթաց մարդկանց փրկելու աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, դպրոցի անձնակազմի պատրաստականության մակարդակը։

Ժամը 12.30-ին տրվել է տագնապի ազդանշան, ինչից հետո դպրոցի մուտքից, 3.5 րոպեի ընթացքում տարհանվել են դպրոցի բոլոր աշակերտներն ու աշխատակազմը:

Սցենարի համաձայն` թիվ 143 դպրոցի երկրորդ հարկում հրդեհ էր բռնկվել: Դպրոցում փորձել էին մարել հրդեհի օջախը, սակայն ապարդյուն։ «Կրակը» շարունակել էր տարածվել։ Պայմանական դեպքի վայր էր ժամանել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարներն անմիջապես սկսել են հրդեհաշիջման աշխատանքները։ Միաժամանակ հրշեջ-փրկարարներն ավտոսանդուղքի միջոցով շենքի երկրորդ հարկի պատուհանից դուրս են բերել «տուժածին» ու հանձնել դպրոցի բուժանձնակազմին։

«Ուսումնական տարհանումն անցկացվեց բարձր մակարդակով և ծառայեց իր նպատակին: Մեզ համար շատ կարևոր է երեխաների անվտանգությունը: Նրանք պետք է իրազեկ և պատրաստված լինեն», -ամփոփելով թիվ 143 դպրոցում կայացած վարժանքի արդյունքները` ասել է ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պավել Գյոզալյանը: «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԻ նախարարությանը` նման միջոցառումներ կազմակերպելու համար: Երեխայի համար անվտանգության վարքականոններին տիրապետելը շատ կարևոր է: Կարծում եմ` վարժանքը բարեհաջող անցավ: Երեխաներն ու դպրոցի անձնակազմը արդեն որոշ չափով պատրաստված էին տարհանմանը: Հաջորդ վարժանքի ժամանակ մենք կփորձենք ավելի արագ տարհանել երեխաներին», – ասել է դպրոցի տնօրեն Գարեգին Կոստանյանը: