Կառավարությունն ապաշնորհ քայլ կանի, եթե հավանություն տա գազի գնի բարձրացմանը, քանի որ առանց այդ էլ Հայաստանում բավական մեծ է աղքատության մակարդակը: Այս մասին կառավարության շենքի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանը:
Նա նշեց, որ գազի գնի բարձրացումից հետո կթանկանան կենսական նշանակության այլ ապրանքներ ևս: «Ժողովրդի մեծամասնությունն ուղղակի կհայտնվի անմխիթար, թշվառ վիճակում, ես կարծում եմ, որ կառավարությունը չպետք է հանպատրաստից, հանկարծակի նման քայլի գնա, քանի որ դա կառավարության ծրագրով չէր նախատեսվում: Այն ժամանակ, երբ հարցնում էինք, կարո՞ղ է գազը թանկանա, մեզ ասում էին` ոչ, նման բան չի կարող լինել: Ընդհակառակը` նախատեսում էին աշխատավարձերի և թոշակների բարձրացում: Իսկ եթե գազը թանկանա, այդ ամենը ստիպած հետաձգելու են»,- ասաց պատգամավորը:
Նա նկատեց, որ այսօր, իսկապես, ժողովուրդը շատ լուրջ խնդրի առաջ է կանգնած. «Մենք այսօր սպասում ենք կառավարության նոր ծրագրին, և եթե դրա վրա հիմնվի նոր ծրագիրը, լուրջ բան ակնկալել չենք կարող»:
Նշենք, որ կառավարության շեքի մոտ քաղաքացիները ակցիա են անցկացնում, նրանք պահանջում են չբարձրացնել գազի սակագինը: Ակցիային նաև պատգամավորներ ու մտավարոկաններ են միացել:





